«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել ծրագրի կատարման շրջանակում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553 մլն դրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի /Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ/ որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կազմակերպմամբ ընկերության կողմից 2014-ի-2016-ին կազմված կատարողական ակտերում, հանձնման ընդունման ակտերում և դուրս գրված հարկային հաշիվներում, պատվիրատուին հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան 771.6 մլն դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556.6 մլն դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215 մլն դրամ գումար և այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս:

Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա` 24.05.2019թ. հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ-ի մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն դրամ: Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31.9 դրամի, 3 մլն ՌԴ ռուբլու և $60.000 դրամական միջոցների վրա:

Լրացուցիչ կատարման ենթակա հարկային պարտավորությունների հստակ չափը պարզելու համար նշված ընկերությունում և ընկերությանը հարկային-հաշիվներ դուրս գրած մի շարք այլ ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: