ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի:

ՀՀ գլխավոր դատախազությունում 2018թ-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ-ի հունվարից 2017թ-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ:

Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567 մլն դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636,400 դրամ գումար:

Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման և երթևեկի համար հատկացված բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգյաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է: