Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Էջմիածնի քաղաքապետ՝ Գասպարյանի կոչը գործարարի նկատմամբ հետապնդում է որակել և զգուշացրել, որ դա բացասական ազդակ է ուղղված ներդրողներին․

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի խանութները բոյկոտելուց հետո, եկել է Մանվել Գրիգորյանի օբյեկտի ջուրը բոյկոտելու ժամանակը։ Եթե նախկինում նման կոչերի հեղինակները դեռևս պաշտոնյա չդարձած ակտիվիստներն էին, ապա հիմա հեղինակը Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանն է»։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Հիշեցնենք, որ նա Կրակով քաղաքից ուղիղ եթեր է մտել ու էջմիածնի բնակիչներին կոչ է արել Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը բոյկոտել, այնտեղից նույնիսկ ջուր չգնել, որպեսզի այդ սրճարանը սնանկանա, տուրքը չկարողանա վճարել ու փակվի։

Կարելի է ենթադրել է, սրճարանի տերը դեռ որևէ հիմնադրամ մուծում չի կատարել, ինչպես «Երևան Սիթի»-ին։

«Ես կատեգորիկ դեմ եմ նման կոչերին, դրանք ոչ պրոֆեսիոնալ են, զգացմունքային։ Եթե նման 1-2 դեպք լինի, դա կարող է բերել վատ հետևանքների։ Հետևանքները կարող են առավել վատ լինել, երբ նման կոչի հեղինակը պաշտոնյան է, պատկերացրեք, որ մի քանի պաշտոնյա Էջմիածնի քաղաքապետի կոչը հնչեցնի, դա ինչի կբերի։ Վաղն էլ կարող է ասեն, փետերը վերցրեք, գնանք, խփենք, ջարդենք, լարենք մեր երկրից։ Դա լավ ճանապարհ չէ»,- ասել է միության նախագահը։

Նա ընդգծում է, որ տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ, պաշտոնյաներ կամ գործարարներ կարող են խնդիրներ ունենալ՝ պայմանավորված անձնական հարաբերություններով, վարչական խնդիրներով, բայց պետությունը պետք է աշխատի օրենսդրությամբ սահմանված գործիքակազմով։

«Հարկային մարմինները չեն ասում, եթե այս բիզնեսի տերը մեր դուրը չի գալիս, եկեք գնանք էնքան ստուգենք, որ ոչնչացնենք։ Պետական մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակում։

Անցումային տնտեսություն ունեցող երկրներում բիզնեսի նկատմամբ հաճախ են լինում ատելության դրսևորումներ։ Անկախ այն բանից, թե ինչ կասեն պաշտոնյաները, մենք նկատում ենք, որ մեր հասարակության մեջ էլ ոմանց թվում է, որ բիզնեսը բնակչությանը թալանողներ են, ունեցածը տանող են, պետության հարկերը չվճարող են։ Դրանց հետ կապված շատ են հայտարարությունները, բայց եթե վերցնենք նման դեպքերը, հնարավոր է դրանք կազմեն Հայաստանի բիզնեսի 0.1 տոկոսը։ Դրա մասին ընդհանրապես պետք է մոռանալ, բայց անվանական նշելով, առաջացնում են նման տրամադրություններ։ Բայց պետք է հիշել, որ բիզնեսն է առաջ տանում էկոնոմիկան, ստեղծում է աշխատատեղեր, հարկեր է վճարում, պետությանը թև ու թիկունք է լինում»,- ասել է Մակարյանը։

Միության նախագահի խոսքով, պետք է թույլ տալ, որ բիզնեսները՝ հատկապես խոշորը, որ նախկինում արտոնյալ պայմաններում է աշխատել, մաքրվեն։ Հիմա արտոնյալ պայմաններ չկան, մոնոպոլիաներ են վերացվում, իսկ այս պարագայում ատելության մասին խոսելը, դառնում է ավելորդ։

Նա այն համոզման է, որ Էջմիածնի քաղաքապետի այդ կոչին անպայման պետք է հետևի գործադիրի հայտարարությունը։

«Կառավարությունը պետք է հայտարարի, որ համաձայն չէ նրա կոչին, որ դա անձնական է տեսակետ է»,- ասել է նա։