Սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին, արդյո՞ք չի խախտել օրենքը, նշել է․

«Օրենքն ասում է, որ երկրի նախագահը պետք է ներկայացնի նոր թեկնածու, դրա տակ հասկանում ենք միանգամայն նոր թեկնածու»։

Հիշեցնենք՝ խորհրդարանն արդեն մի անգամ մերժել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ ՍԴ անդամն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների երեք հինգերորդի ձայներով:

«Սահմանադրությունը նախագահի այս լիազորությունը կարգավորում է հետևյալ կերպ, որ նախագահը պետք է ներկայացնի ՍԴ դատավորի թեկնածու․ եթե ներկայացրած թեկնածուն Ազգային ժողովի պատգամավորների 3/5-ի հավանությունը չի ստանում, պետք է ներկայացնի նոր թեկնածու։ Թերևս նոր թեկնածու ներկայացնելու առումով կարելի է ասել, որ օրենքի խախտում է, նախկինում այդ թեկնածուն արդեն առաջադրել էր։ Եթե գլոբալ ենք դիտարկում, ամբողջովին իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն և Սահմանադրական դատարանն արդեն քաղաքականացնելն անմիջական սպառնալիք է մեր երկրի իրավական անվտանգությանը»,- ասել է նա։

Վ. Այվազյանի խոսքով, այստեղ խնդիրն իրավական որոշակիությամբ և իրավական բարձր մշակույթի բացակայության պարագայում կոնկրետ օրենքը տարբեր կերպով մեկնաբանելու, մանիպուլյացիայի ենթարկելու մեծ դաշտ է ստեղծվում, ամեն մեկը կարողանում է յուրովի մեկնաբանել։

«Հիմա շատ իրավաբաններ կասեն, որ բացարձակապես օրենքի խախտում չէ, մի մասը կասեն խախտում է։ Համենայնդեպս, մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ դեռ գործում է ուժեղի մոտ միշտն էլ թույլն է մեղավոր սկզբունքը։ Այսինքն, իրավունքի գերակայությունը մեզ մոտ դեռևս չի գործում»,- ասել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը։