2019թ. հունիսի 2-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ Երևանի շոկոլադի գործարանում տեղի է ունեցել երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարություն: Այս մասին «Իրազեկ»-ին հայտնել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից։

Միջոցառումն ուղեկցվել է հայկական ազգային երգ-երաժշտությամբ, փահլեվանով, հայկական ժողովրդական հեքիաթների հերոսներով և այլ ավանդական կերպարներով ու խաղերով: Տեղի է ունեցել նաև «Քաջ Նազար» հեքիաթի բեմադրությունը, որը մեծ խանդավառությամբ դիտել են օրվա չարաճճի հերոսները, իսկ հնի ու նորի խաչմերուկում հայտնված դինոզավրերը ապահովել են երեխաների լուսավոր ժպիտներն ու դրական էմոցիաները:

Միջոցառմանը մասնակցել են մանկատան և անապահով ընտանիքների փոքրիկները, գործարանին կից բնակվող, աշխատակիցների և ջավախքցի երեխաները, որոնց գունեղ օրն ամփոփվել է փոքրիկ նվերներով:

Այս համամարդկային տոնը նշվում է ամբողջ աշխարհում և նորից վկայում, որ մոլորակի բոլոր փոքրիկները խաղաղ, երջանիկ, անհոգ ու լուսավոր մանկություն ունենալու իրավունք ունեն:

Միջոցառմանը աջակցում էին նաև «Սովռանո», «Վիդիս Դիստրիբյուշն», «Դիստրիմեքս», «Յունիքորն Թրեյդ» ընկերությունները: