«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։

«Միայն 2017թ-ի ընթացքում 2-ից 18 տարեկան շուրջ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ առկա են հենաշարժողական խնդիրներ, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։ Շահառուները ոչ միայն Երևան քաղաքից են, այլև հարակից մարզերից։ Միկրոավտոբուսը ծառայելու է երեխաները անվճար տեղափոխելուն տնից վերականգնողական կենտրոն և հակառակը. հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա»,-իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների, ամառային ճամբարների և այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- իր խոսքում նշեց «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

Այս մասին հայտնում է՝ 168.am-ը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: