ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ ներկայացուցչի կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու միջադեպին:

«Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Եվ սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է մեկ առ մեկ պատասխանատվության ենթարկվեն։

«Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների, բռնության է ենթարկել ՀԱԿ ակտիվիստին։ Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ երկու հոգի որոշել են մա՞րդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է եղել։ Եթե դա կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։