«Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում՝ մեծ վնասներ են կրում, իրենց հողը, ջուրն աղտոտված է, և ընկերությունից պահանջում են փոխհատուցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը: Փոխանցում է 168.am լրատվական կայքը։

Նշենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ-ն հարցում էր ուղղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին և օրեր անց ստացել է վերջինիս պատասխանը: Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Վ. Բուռնազյանը նշեց, որ մեկ տարի առաջ ընկերությունն իրենց ասել էր, որ եվրոպական մասնագետների հետ միասին ուսումնասիրություն են իրականացրել և դեռ կարող են օգտագործել պոչամբարը. «Դա մեկ տարի առաջ էր: Սակայն այսօրվա ընկերության պատասխանից ակնհայտ է, որ իրենք ունեն խնդիրներ: Եթե հաշվի առնենք, որ այսօր պղնձի միջազգային գները բարձրանում են, և ընկերությունը կարող էր մեծ շահույթներ ապահովել, նրանք հիմա դադարեցրել են իրենց աշխատանքը, և չգիտեն՝ ինչքան դա կշարունակվի: Սա խնդիր է, ու պետք է գտնվի մեր բոլոր պատասխանատու գերատեսչությունների ուշադրության կենտրոնում»:

Բանախոսը նկատեց, որ Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները բազմիցս բարձրաձայնել են փոխհատուցում ստանալու մասին. «Նրանք պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում մեծ վնասներ են կրում, իրենց հողը, ջուրն աղտոտված է, և ընկերությունից պահանջում են փոխհատուցում: Ես այսօր կրկին կապ հաստատեցի մեր աղբյուրների հետ, նրանք ասացին, որ ընկերությունը ոչ միայն հրաժարվում է փոխհատուցում տրամադրել, այլև հրաժարվում է այն մտքից, որ իրենք մեծ վնաս են պատճառում: Սա նույնպես խնդիր է, այս հարցի պատասխանը չկար ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Թեղուտ ընկերությունն ուսումնասիրություն է կատարել հողում, և այնտեղ տարբեր ծանր մետաղներ են հայտնաբերել, ու բնակիչները նույնպես բարձրաձայնում են այս հանգամանքի մասին, որ իրենց հողն աղտոտված է: Բնակիչներն ասում են, որ հանքի աշխատանքները դադարեցրել են հունվարի 12-ից, բայց դեռ շարունակվում է Շնող գետում պղտոր ջուր հոսել: Գիտենք նաև, որ Շնող գետը, որը մաքուր գետ էր համարվում, հանքի շահագործումից հետո՝ այժմ, 5-րդ դասի աղտոտվածություն ունի: Ընկերությունը նույնպես ընդունում է սա»:

Վ. Բուռնազյանի փոխանցմամբ՝ բնակիչները չեն հավատում ընկերության ներկայացրած այն փաստարկներին, որ պոչամբարը բոլոր չափանիշերով է կառուցված, և կա կավի շերտ, որը թույլ չի տա պոչամբարի թունավոր ջրերի արտահոսք ստորգետնյա ճանապարհներով. «Նրանք մեզ տված հարցազրույցներում նշել են, որ արտահոսք կա: Բնակիչներից մեկը նշեց, որ պոչամբարի շահագործումից 3 ամիս հետո իր հողամասում աղբյուր է դուրս եկել: Ընկերությունը եկել, փորձանմուշներ է վերցրել, սակայն հետագայում ոչ մի քայլ չի արել, տեղյակ չի պահել, թե դա ինչ աղբյուր էր»:

Հարցին՝ ինչո՞ւ հիմա ընկերությունը չի աշխատում, Վ. Բուռնազյանն այսպես պատասխանեց. «Ընկերությունը կարող է ճշգրիտ ասել՝ ինչու չի աշխատում: Իմ կարծիքով՝ հիմնական խնդիրը պոչամբարի խնդիրն է, պոչամբարն արագ լցվում է, և նրանք չեն կարողանում այդ պոչամբարը պատշաճ կերպով շահագործել, ու պարբերաբար այդ պոչամբարից արտահոսքեր են լինում: Դրանք միշտ են, և ընկերությունը նույպես ընդունել է, որ եղել են վթարներ, արտահոսքեր: Կարծում եմ՝ հիմա իրենք պետք է լուծումներ գտնեն պոչամբարն ամրացնելու կամ ընդլայնելու, որպեսզի կարողանան հետո մտածել արդյունաբերական ծավալները մեծացնելու մասին: Եթե պոչամբարը չդիմացավ, իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնելու»: