ՀՀ-ում ստեղծվում է հասցեների միասնական ռեգիստր, ինչը մեծ փոփոխություններ կառաջացնի հանրային կառավարման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ հավելելով, որ ունեն առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստր ունենալու հայեցակարգ։

«Մի քանի կարևոր փաստաթղթեր են ընդունվել կառավարության կողմից, առաջինը՝ ինտեգրված կադաստրի հայեցակարգն է, որը նպատակ ունի ամբողջովին փոխել տարածական քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Հասցեների միասնական ռեգիստրը ֆունդամենտալ փոփոխություններ կբերի հանրային կառավարման ոլորտում։ Մենք հռչակել ենք առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստր ունենալու հայեցակարգը։ Դրա շոշափելի քայլերից մեկը կքննարկվի Ազգային ժողովում՝ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումը։

Մոտեցումը, որ որդեգրել ենք մեր աշխատանքում, շատ պարզ է. շատ խիստ պահանջներ է դրված համակարգի առջև՝ պահպանելու օրինականությունը, դրսևորելով բարձր արհեստավարժություն և աշխատանքին նվիրվածություն»,- տեղեկացրել է Սարհատ Պետրոսյանը։

Պետրոսյանը նշել է, թե նոր հայեցակարգը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ծառայություններն առցանց տրամաբանությամբ մատուցել։