ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկանում է Հայաստանում ազգային անվտանգության ծառայողների համար ուսումնական կենտրոն ստեղծել։ Այս մասին այսօր խորհրդարանում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցները ուսումնառության նպատակով ամեն տարի մեկնում են տարբեր երկրներ, և միայն 2018թ-ին դրա համար ծախսվել է շուրջ 240 մլն դրամ։

«Դա բավականին մեծ գումար է, բայց ստիպված ենք ծախսել։ Այդ առումով նախաձեռնել եմ և 2020թ-ին փորձելու ենք գործնական քայլեր իրականացնել, որպեսզի ՀՀ ԱԱԾ համակարգում ստեղծվի ազգային անվտանգության ծառայողների ուսումնական կենտրոն։ Թե դա ինչ անվանում կունենա՝ ինստիտուտ, ակադեմիա և այլն, կմտածենք»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ արդեն կան որոշակի հաշվարկներ, որ եթե ստեղծեն ժամանակակից համալսարան, ապա միայն ենթակառուցվածքների վրա կծախսվի 2 մլրդ դրամ.

«Եթե համեմատություն ենք անում, որ մեր աշխատակիցներին օտարերկրյա պետություններ ուղարկելու համար տարեկան ծախսում ենք 240 մլն դրամ, կարծում եմ, որ 2 մլրդ դրամը մեծ գումար չէ։ Արդյունքում, մենք կունենանք ավելի պատրաստված աշխատակիցներ, սպաներ, բացի այդ, ուսման ընթացքում նրանք զերծ կմնան ցանկացած ռիսկերից, որոնք կարող ենք ի հայտ գալ արտասահմանում»։

Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ հարցում նաև ակնկալում է ԱԺ-ի աջակցությունը, որպեսզի հաջորդ տարի վերոնշյալ գումարը տրամադրվի ԱԱԾ-ին։

«Ճանապարհային քարտեզն արդեն կա, անգամ տարածքի հարցն ենք որոշել, մնում է ֆինանսավորման հարցը լուծվի և սկսենք շինարարությունը»,- ընդգծել է ԱԱԾ տնօրենը։