Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի սպասարկման ժամերը կավելացվեն մոտ 1 ժամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը: Փոխանցում է լրատվական 168.am կայքը։

«Նոր ցանցով հասարակական տրանսպորտի սպասարկման մեկնարկը նախատեսում ենք սկսել առավոտյան 6:45-ին՝ գործող ցանցի 07:00-ի փոխարեն և ավարտել կեսգիշերին՝ 23:00-ի փոխարեն»,-ասաց Նիկոյանը:

Նախատեսվում է ցանցը սպասարկել 42 ավտոբուսային երթուղիներով՝ գործող ցանցի 115-ի փոխարեն: Հասարակական տրանսպորտը հասանելի է լինելու քաղաքի բոլոր հատվածներում և ապահովելու է Երևանի ամբողջական ծածկույթը:

Ցանցն այս պահին փորձարկվում է մասնագիտական աշխատանքային խմբի կողմից: «Առաջիկայում հանրության համար հնարավորություն կընձեռենք այն փորձարկել համապատասխան հավելվածի միջոցով: Մշակման աշխատանքներն ավարտական փուլում են, և առաջիկայում կներկայացվեն», - եզրափակեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։