Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Հիշեցնենք, որ բողոքը դատարան ներկայացվել է 2018թ-ի հոկտեմբերի 1-ին, այն վերաբերում է քննիչի՝ 2018թ-ի հունիսի 30-ին կայացրած որոշմանը, երբ ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված էր մեղադրանք միայն մեկ մեղադրանք՝ Սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով։

Նախորդ նիստին Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ արգելանքի տակ են նաև այնպիսի փաստաթղթեր ու գույք, որոնք ոչ մի կերպ կապ չունեն քննվող գործի հետ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի նույնականացման քարտը, 2017թ-ին թողարկված բանկային քարտերը, նույն տարում կնքված աշխատանքային պայմանագիրը։

«Անտրամաբանական ու ապօրինի են այն գործողությունները, երբ դատարանը տալիս է խուզարկության թույլտվության, բայց քննիչն իրեն իրավունք է վերապահում վերցնել այնպիսի առարկաներ, որոնք այդ գործին չեն առնչվում»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Խուդոյանը նկատել էր, նաև առանց արձանագրության, առանց պարզելու, թե գույքն ումն է պատկանում, վերցրել են նաև դրամական միջոցներ, որոնք պատկանում են ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին։