Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեել է բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկել է մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթել է 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0: Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) և ռուս մրցակիցներից (5:4) և դուրս եկել եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց 0:9 հաշվով: Մելիքյանը հունիսի 4-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) և ռուս (10:1) ըմբիշների, նվաճել էր եզրափակիչի ուղեգիր:

Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ: