Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է․ «Բռնության կոչեր անողները կարժանանան իրավապահների կոշտ միջամտությանը»
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասել է․
«Համակարծիք եմ վարչապետի հետ, որ կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել, ինքնադրսևորվել, ցույց տալ, որ իրենք կարող են Հայաստանում իրենց ամեն ինչ թույլ տալ, բայց դա ընդամենն իրենց կարծիքն է»։
Նա նշել է, որ բռնության կոչեր անողները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը՝ օրենքի սահմաններում։
Հարցին, թե կառավարության նիստում վարչապետը նշել է «սևազգեստ մարդկանց խմբերի» մասին, արդյոք այդ խմբերը վախի մթնոլորտ են ցանկանում ստեղծել, Վալերիյ Օսիպյանն ասել է, որ որևէ վախի մթնոլորտ չկա, վախենալու պատճառ չկա.
«Մեր քաղաքացիներն ապահովված են, Հայաստանն ամենաապահով երկրներից մեկն է»։
Դիտարկմանը, թե ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞ր քաղաքական ուժից են, ոստիկանապետը նշել է, որ իրենց համար կապ չունի, թե որ քաղաքական ուժից են, իսկ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման։
Լրագրողներից մեկն էլ հարցրել է, թե այլևս սև զգեստ չհագնեն, Օսիպյանը ժպտալով պատասխանել է.
«Խնդրեմ, հագեք, Ձեզ ո՞վ է բան ասում»։
Դիտարկմանը՝ համամի՞տ է, որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո թավշյա գործողություններ է իրականացնում, ոստիկանապետը պատասխանել է․
«Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ոստիկանությունն արել է ամեն ինչ օրենքի սահմաններում։ Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման, բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Ազատության հրապարակն ինչ-որ ժամի ինչ-որ մարդիկ փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնում «ճռիկներ» են անում, Վ. Օսիպյանն ասել է, որ դրանք միշտ էլ եղել են.
«Մի անգամ Ազատության հրապարակից 17 մեքենա եմ ուղարկել տուգանային հրապարակ։ Դա մի դեպք եմ ասում, բայց շատ են եղել դեպքեր։ Այսօր գիշերը ևս արձանագրություն է կազմվել»։