Պետությունը պետք է ժամանակին և արագ արձագանքի բռնության քարոզին: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյան հարցին, թե ինչպե՞ս է ՄԻՊ-ը վերաբերում Ազատությանն հրապարկում Հրանտ Մարգարյանի և ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված դեպքերին:

«Բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ ինձ համար խիստ անընդունելի, դատապատելի երևույթ է, կարծում եմ՝ պետությունը նման դեպքերում շատ խիստ պետք է դատապարտի», - ասել է պաշտպանը՝ հավելելով, որ բռնությունների վրա շատ է ազդում սոցիալական ցանցերի լարվածության ֆոնը:

Նա ընդգծել է, որ երկու գործերով էլ ՄԻՊ-ը պատրաստվում է լրացուցիչ հարցումներ ուղարկել՝ հասկանալու, թե ինչին են վերաբերում իրավապահների կողմից բացահայտված հանգամանքները:

Անդրադառնալով այն հարցին, թե ՄԻՊ-ն ինչ միջոցառումներ է ձեռնարկում նման բռնության դեպքերը կանխարգելելու համար՝ Թաթոյանն ասել է.

«Միջոցները տարբեր են, պահանջկոտ ենք լինում իրավապահ մարմինների նկատմամբ, շատ ավելի լայն իմաստով կարիք կա իրազեկման լայնածավալ աշխատանքների: Կարծում եմ՝ այսօրվա բռնությունների վրա շատ է ազդում սոցիալական ցանցերի լարվածության ֆոնը: Մեծ է իրար չհանդուրժելու երևույթը և չափազանց անթույլատրելի, վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը, արժանապատվությունը նվստացնող վերաբերմունքը: Սա վտանգավոր է, որովհետև բռնության տանող պրոցես է և, եթե շուտ չկանխարգելվի, կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ»: