Կենսաբան Ֆլորա Սարուխանյանն ամեն աշխատանքային օր օգտվում է հասարակական տրանսպորտից: Ասում է՝ հաճախ է ստիպված լինում վարորդներին խնդրել, որ ծխախոտը հանգցնեն, ծխի հոտն արագ տարածվում է հատկապես ամռանը, երբ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի պատուհանները բաց են լինում:

Վարորդները ծխում են՝ կոպտորեն խախտելով օրենքը:

«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, որը գործում է 2004թ-ից, արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ՝ ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդանավակայանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն էլ սահմանում է, որ հասարակական՝ օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների, առաջացնում է տուգանքի նշանակում 5.000 դրամի չափով: Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում 10.000 դրամի չափով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելն էլ առաջացնում է տուգանքի նշանակում 20.000 դրամի չափով:

Վերջին շրջանում քննարկումների բուռն առիթ դարձավ առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Դրանով արգելվելու է ծխելը տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում:

Ֆլորան նկատում է, որ օրենսդրական կարգավորման եւ տուգանքի առկայության պայմաններում վարորդները շարունակում են հանրային տրանսպորտում ծխել անգամ այն դեպքում, երբ տրանսպորտում փակցված է՝ «հարգելի ուղեւոր, պահանջեք վարորդից, որ չծխի»:

Նախորդ ամիս նա գրավոր հարցեր էր ուղարկել ճանապարհային ոստիկանություն՝ փորձելով ճշտել, թե ինչպես է ոստիկանությունը վերահսկում վարորդների ծխելու երևույթը հանրային տրանսպորտում:

«Եթե չծխելու վերաբերյալ օրենք կա, նախատեսված են տուգանքներ, ապա ինչպե՞ս է աշխատում այդ տուգանքների համակարգը, ինչպե՞ս է վերահսկվում տրանսպորտում վարորդի ծխել-չծխելը: Արդեն որերորդ դեպքն է, երբ ականատես եմ լինում վարորդների բացարձակ անտարբերությանը: Եթե օրենքը միայն որոշում է թղթի վրա եւ գործ չի դառնալու, ապա ոչ մի փոփոխություն էլ չենք արձանագրի»,- ասում է Ֆլորա Սարուխանյանը:

Ճանապարհային ոստիկանությունից քաղաքացուն պատասխանել են.

«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ղեկին ծխելու փաստը հայտնաբերելու դեպքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ծառայողների կողմից կիրառվում են օրենքով սահմանված կարգով վարչական ներգործության միջոցներ: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ղեկին ծխելու դեմ պայքարելու այլ միջոց ՃՈ-ն իրավասու չէ կիրառել»:

Ֆլորան ասում է՝ ոստիկանության պատասխանն անգամ մեկնաբանելու կարիք չկա, քանի որ այնտեղ իր հարցադրումներին որեւէ հստակ պատասխան չի տրվել:

«Ես՝ որպես քաղաքացի, ուզում եմ հասկանալ, թե համակարգն ինչպես պետք է վերահսկի դա: Եթե պիտի տուգանեն, ապա ինչպե՞ս են ֆիքսելու այդ երևույթը: Ոստիկանության պատասխանն ընդհանրական էր, թե ՎԻՎ օրենսգրքով նախատեսված այդ տուգանքները պետք է լինեն, դա ես էլ գիտեի, և դրանից ելնելով եմ արել իմ հարցադրումները»,- նշում է մեր զրուցակիցը:

Ֆլորայի խոսքով՝ այսուհետ ծխող վարորդներին տեսալուսանկարահանելու է և ուղարկի կա՛մ ոստիկանություն, կա՛մ հրապարակի սոցցանցերում: