2017 թ․-ին, նախորդ տարվա համեմատ՝ բնակարանների առուվաճառքի գործարքների թիվն աճել է 23.7%-ով: Այս մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված են համակարգված դիտարկումների արդյունքները:

Ըստ այդմ, 2017 թ․-ին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 186585 միավոր, 2016 թ․-ի համեմատ աճել է 7.5%-ով, այդ թվում Երևանում` 8.7%-ով, իսկ մարզերում` 6.8%-ով: 2017 թ․-ի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 30.0 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, և գործարքների ընդհանուր քանակի 36.7%-ը գրանցվել է Երևան քաղաքում:

2017 թ․-ին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 52275 օտարման գործարքների 74.3%-ը կազմել է առուվաճառքը, 25.4 %-ը` նվիրատվությունը և 0.3%-ը` փոխանակությունը:

2017 թ․-ին Երևան քաղաքում անշարժ գույքի 15722 առուվաճառքի գործարքի 64.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2016 թ․-ի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2017 թ․-ին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թ․-ի համեմատ նվազել են 3.5%-ով:

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տվյալների՝ 2017 թ․-ին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 4225 բնակարան, որոնց քանակը, 2016 թ․-ի համեմատ աճել է 12.3%-ով:

Ընդհանուր առմամբ, 2017 թ․-ին հանրապետությունում օտարվել է 17601 միավոր (16752.08 հա) հող, որից Երևանում` 1190 միավոր (308.43 հա):

Հանրապետությունում 2017 թ․-ին հողերի առուվաճառքի գործարքների քանակը, 2016 թ․-ի համեմատ, աճել է 8.0%-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 7207.36 հա, որից 7123.23 հա գյուղատնտեսական նշանակության են:

2017 թ․-ին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 24325 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 13.0%-ը: 2017 թվականին գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2016 թ․-ի համեմատ, աճել է 13.5%-ով: