Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ցուցանիշներտարեցտարի գնալով դրական ախ են գրանցում։ ժամանակակից կանանց գիտակից վերաբերմունք են ցուցաբերում քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցերին: Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ եթե 10 տարի առաջ Կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում էր կատարվում յուրաքանչյուր 5-րդ կնոջ մոտ, ապա հիմա՝ յուրաքանչյուր 26-րդ: Այս տեղեկությունը փոխանցում է news.am-ը

«Ես հույս ունեմ, որ այս թիվը հետագայում ևս կաճի: Գլխավոր խնդիրն այն է, որ քաղցկեղային բջիջների ձևավորման ժամանակաշրջանում ոչ մի ախտանիշ չի դիտվում, և մարդիկ մեզ մոտ են գալիս հիմնականում այն ժամանակ, երբ կրծքում ցավ են զգում, իսկ դա արդեն ավելի ուշ փուլ է: Այնպիսի երկրներում, ինչպիսին, օրինակ, Ճապոնիան է, մարդկանց պարտադիր հիշեցնում են ամենամյա հետազոտության մասին: Հենց այս պատճառով զարգացած երկրներում մահացությունը կազմում է 20 տոկոսից պակաս, զարգացման միջին մակարդակով երկրներում՝ 40 տոկոս, իսկ թույլ զարգացած երկրներում՝ 60 տոկոս։»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Կենտրոնի ուռուցքաբան Հովհաննես Վարդևյանը հավելեց, որ մարդիկ շատ հաճախ ուշադրություն են դարձնում, ասենք, կրծքում կոշտացման վրա և մտածում են, որ «ինքն իրեն կանցնի», սա էլ հենց բարդությունների է բերում: Կանայք 35 տարեկանից հետո պարտադիր պետք է ամեն տարի հետազոտության ենթարկվեն: Բժշկի խոսքով՝ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար շատ մեծ նշանակություն ունի առողջ կենսակերպը, սակայն նույնիսկ առողջ կենսակերպի նորմերին լիովին հետևող մարդն ապահովագրված չէ և պարտադիր պետք է սքրինինգ անցնի:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ իրենց Կենտրոնն ամեն ամիս երկրի հեռավոր շրջաններ է մեկնում զննումներ կատարելու, իսկ ապրիլի վերջին այս ոլորտի գերմանացի առաջատար մասնագետների հետ կկազմակերպվի օնկոլոգիայի դեմ պայքարի շաբաթ, որի շրջանակում անվճար վիրահատություններ կկատարվեն:

Հրապարակվեց նաև հետազոտության գինը: Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ տարեկան մեկ անգամ պետք է կատարել մամոգրաֆիա և սոնոգրաֆիա, որն արժե 20 հազար դրամ: