Հունիսի 6-ին ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայության արդյունքում բերման են ենթարկվել մի խումբ անձանց՝ զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար:

Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել են նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ և հորդորում է խստագույնս պահպանել համակեցության և երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։