ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Տավուշի մարզպետարանից ստացված գրության հիման վրա, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցներին 2019թ. մայիսի 24-30-ը գործուղել է Տավուշի մարզի Խաշթառակ և Լուսաձոր համայնքներ՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ ստուգումներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից։

Տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ստուգումների արդյունքում երկու համայնքներում արձանագրվել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ոչ նպատակային օգտագործում, ինչպես նաև մի շարք այլ իրավախախտումներ:

Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային հողերից կառուցապատման իրավունքով տարածք է տրամադրվել մասնավոր ընկերության ՓՀԷԿ կառուցելու նպատակով:Կատարվել է գույքի պետական գրանցում՝ որպես ջրային հող: Սակայն Տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ տրամադրված տարածքը, որը չափագրվել և հետագայում տեղադրվել է կադաստրային էլեկտրոնային քարտեզում, համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական այլ հողամաս է: Հետագայում տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, տրվել է շինարարական թույլտվություն և գլխամասային հանգույցի (շահագործման թույլտվություն) ավարտական ակտ: Սակայն տեղազննումից և GPS կայանով տեղագրական հանույթից պարզվել է, որ շինությունը 0.042հա-ի փոխարեն 0.143հա է կառուցվել և ոչ հատկացված և ոչ էլ պետական գրանցում ստացված վայրում, այլ 11.5-14 մ շեղումով: Շինությունը միաժամանակ գտնվում է Լուսաձոր և Խաշթառակ համայնքներում: Համայնքային սեփականություններ գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական այլ հողամասերի և ջրային հողերի (գետ) վրա:

Խաշթառակ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 1.31հա վաճառվել է քաղաքացու: Հետագայում համայնքի ղեկավարի որոշմամբ հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է, որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողերի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով: Տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, տրվել է շինարարական թույլտվություն և (շահագործման թույլտվություն) ավարտական ակտ: Սակայն Տեսչական մարմնի աշխատակիցների տեղազննումից պարզվել է, որ տվյալ հողամասում կառուցվել և գործում է հանգստի գոտի:

Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի (Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ) և նույն հոդվածի 2-րդ կետի (Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ):

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ դատախազություն, օրենքով սահմանված կարգով խնդրին ընթացք տալու համար: