Արմավիրի մարզում համայնքապետի պաշտոնում ընտրվել են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարները
Հունիսի 9-ին, Արմավիրի մարզի երեք համայնքում՝ Ապագայում, Նորակերտում և Վարդանաշենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին: Համայնքապետերը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էին գրել, ինչից հետո էլ նշանակվեցին արտահերթ ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, Ապագա գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ավագյանը: Նա ստացել է 612 ձայն: Նրա մրցակիցներ Գրիգոր Մանուկյանը արժանացել է 164 ընտրողի քվեի, իսկ Գևորգ Մելիքյանը՝ 130: Անվավեր է ճանաչվել 15 քվեաթերթիկ:
Նշենք, որ Ապագայում ընտրելու իրավունք ուներ 1495 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 921-ը:
Նորակերտում համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արման Պետրոսյանը: Վերջինս թեև անկուսակցական է, սակայն, վայելում է իշխանությունների աջակցությունը: Գյուղում խոսում են, որ Պետրոսյանը Տարածքային կառավարման և ենթակառույցների նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է:
Արման Պետրոսյանը ստացել է 623 քվե: Նրա երեք մրցակիցներից ամենաշատ քվե ստացել է Արտյոմ Եփրեմյանը՝ 170 քվե:
Նորակերտում ընտրելու իրավունք ուներ 2394 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 1113-ը: 26 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Վարդանաշենում համայնքի ղեկավար է ընտրվել անհատ ձեռնարկատեր Միհրան Հովհաննիսյանը: Նա ստացել է 331 քվե: Նրա միակ մրցակցի՝ Ալեքսան Սարիբեկյանի օգտին քվեարկել է 195 մարդ: Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ:
Վարդանաշենում ընտրելու իրավունք ուներ 817 մարդ, սակայն ընտրությանը մասնակցել է նրանցից 531-ը:
Այս գյուղում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը չէր մասնակցում ընտրություններին, քանի որ համայնքի բնակիչ չէր: