Տարրական դասարանների դասագրքերը երկհատոր դարձնելու գործընթացը ընթացքի մեջ է՝ գրքերը գնացել են տպարան: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ երկար են աշխատել, որ կիսելու պարագայում դասապրոցեսն ու բովանդակությունը չտուժեն:

Նա հայտնել է, որ բացի տարրականներից, նաև 40 անուն դասագրքեր՝ 5-12-րդ դասարանների, նույնպես կլինեն երկհատոր, հայտնում է Shantnews-ը:

Նախարարը նաև կոչով դիմել է ծնողներին` հորդորելով երեխաների համար պայուսակ ընտրելիս նախապատվությունը տալ ավելի թեթև ու պարզ պայուսակներին, քանի որ հաճախ պայուսակներն ավելի ծանր են լինում, քան գրքերն ու գրենական պիտույքները:

«Երբ խոսում ենք 1-2 կգ քաշի մասին, դա վերաբերում է գրենական պիտույքներին և գրքերին, պայուսակի քաշը դրա մեջ չի մտնում: Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ ծնողը երբեմն վերցնում են պայուսակը, ասում նայեք՝ որքան ծանր է, բայց երբ գրքերն ու գրենական պիտույքները հանում ես, դրանից պայուսակի ծանրությունը չի նվազում, որովհետև ինքնին պայուսակն արդեն շատ ծանր է»,- ասել է նախարարը: