Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մնացականյանին Արցախի ոստիկանության պետ նշանակելու մասին:
Մեկ այլ հրամանագրով Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, հայտնում է է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը,
Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:
Նույն օրը Նախագահն այցելել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: