Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը Մաշտոցի պուրակին կից գետնանցումում առևտրի կենտրոն է կառուցում:

Նրա պատկանող «Անցումմեկ» ընկերությունն այս պահին գետնանցման տարածքում շինարարություն է կատարում: Վահե Կարապետյանը այս ընկերության բաժնեմասերը գնել է չորս ամիս առաջ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդուց՝ Ռուբեն Հարությունյանից: Հարությունյանն էլ իր հերթին ընկերության բաժնետոմսերը գնել էր այս տարվա հունվարին՝ ընկերության հիմնադիր Կարեն Հովսեփյանից և դրանից 20 օր անց բաժնետոմսերը վաճառել Վահե Կարապետյանին:

Վահե Կարապետյանը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, ում հովանավորությամբ վերանորոգվել է օրեր առաջ վերաբացված այգին Սարյան-Մաշտոցի պողոտա հատվածում: Գետնանցումը դրան կից է:

Այգու բացմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այգին բարեկարգած «Տաշիր» ընկերության ներկայացուցիչներին ասել է.

«Բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված»:

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքապետին վստահեցրել է, որ չեն կարող այգու հարակից ստորգետնյա անցումը թողնել այս վիճակում:

«Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն, այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփորձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է Նարեկ Կարապետյանը: Նշենք, որ վերջինս՝ Վահե Կարապետյանի եղբայրն է:

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ստորգետնյա անցումի այս տարածքը «Անցումմեկ» ընկերությանը վաճառվել է քաղաքապետ Կարեն Կարեպտյանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ին որոշմամբ: Մասնավորապես, ընկերությանը վաճառվել է համայնքային սեփականություն հանդիսացող 2053 քմ մակերեսով շինություն և 2053 քմ մակերեսով հողամաս: Գույքի համար ընկերությունը վճարել է 349 միլիոն դրամ:

Ըստ քաղաքապետարանի, «Անցումմեկ» ընկերությունն այս տարածքը ձեռք է բերել 2011թ-ի սեպտեմբերին կայացած մրցույթով: Ընկերությունը գետնանցումի այս տարածքը գնել է հիմնադրումից մեկ ամիս անց: Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Անցումմեկ» հիմնադրվել է 2011թ-ի օգոստոսին՝ Կարեն Հովսեփյանի կողմից, և դրանից մեկ ամիս անց մասնակցել անցումի տարածքի օտարման մրցույթին և հաղթող ճանաչվել:

Կառավարության հրապարակած փատաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ընկերությունը պարտավոր էր պայմանագրի ուժի մեջ մտնելուց (2011թ) երկու տարվա ընթացքում կատարել 457 միլիոն դրամի ներդրում, իսկ դրա ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո վերանորոգել և պահպանել ստորգետնյա անցումի ընդհանուր տարածքը, կազմակերպել օդափոխությունը, մաքրությունը, աղբահանությունը, կառուցել հասարակական զուգարան, կոյուղի և ջրագծեր: Սակայն ինչպես երևում է գետնանցումով անցնելիս, այս աշխատանքները մեծամասամբ չեն կատարվել:

Քաղաքապետը նախորդ տարվա մայիսին որոշել է փոփոխություն կատարել այս պայմանագրում և ներդրման համար նախատեսված երկու տարի ժամկետը փոփոխել մինչև 2020թ-ը:

Այս հատվածում ևս մեկ տարածք է վարձակալությամբ տրամադրված: Ըստ քաղաքապետարանի, «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարը 2005թ-ին որոշել է «Արտյոմ-91» ՍՊԸ-ին գետնանցումի տարածքում մինչ 2025թ-ի դեկտեմբեր վարձակալությամբ տարածք հատկացնել, ինչի համար ընկերությունը ամսական վճարում է 153 հազար դրամ: