«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԱԺ-ում մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հարց է ուղղել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին․

«Եթե չեմ սխալվում, մինչև մայիսի վերջը պետք է միջազգային կազմակերպությունը, որին վճարված էր մի քանի հարյուր հազար դոլար, պետք է տար եզրակացությունը։ Ի՞նչ վիճակում է այդ եզրակացությունը՝ կա՞, թե՞ չկա, եթե կա, ի՞նչ է բխում քայլերով, որ հանրությունը իմանա և երկկողմանի նաև ներդրողներն իմանան Ամուլսարի ճակատագիրն ինչպես է լինելու»։

Նա պատասխանել է, որ եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է, որը քրեական գործի շրջանակներում փաստացի ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում։

«Եզրակացությունից հետո Քննչական կոմիտեն կտա նաև տեղեկատվություն եզրակացության հիման վրա, և եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ առկա վտանգները կազմակերպության գործունեության հետ անհամատեղելի են, մասնավորապես ջրային ռեսուրսների հետ կապված, ապա կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի աշխատանքները դադարեցվեն»,- նշեց Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ նախնական եզրակացությունը մայիսի վերջին է ներկայացվել, որը հանրությանը կներկայացվի հունիսի վերջին։

Պատգամավորը հետաքրքրվել է նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից:

Նա հիշեցրել է, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ 45 սմ-ով բարձրացել է լճի մակարդակը և հասել նախորդ տարվա մակարդակին.

«Ճի՞շտ են այդ թվերը և արդյոք այս տարի և՞ս 170 մլն խմ-ից ավելին է Սևանից ջուր վերցվելու, ինչպես նախորդ տարի»։

Նախարարի խոսքով՝ Ցոլակյանի նշած թվերը ճիշտ են.

«Տարեկան 45-54 սմ տատանումներ լինում են։ Այս պահի դրությամբ, սակայն, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ պակաս է 1 սմ-ով»:

Ինչ վերաբերում է լրացուցիչ ջրառին՝ Գրիգորյանն ասել է, որ հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ջրամբարների լցվածության մակարդակը, խոնավությունը, լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։