Ադրբեջանն ու Թուրքիան 2019թ-ին 13 համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական Գաբալայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Հատուկ ուզում եմ նշել, որ ռազմական համագործակցության ոլորտում զորավարժություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում: Ամեն տարի դրանց քանակն ավելանում է: Եթե 2018թ-ին Ադրբեջանն ու Թուրքիան 7 համատեղ զորավարժություն են անցկացրել, ապա 2019թ-ին 13 զորավարժություն կանցկացնեն»,-ասել է Հասանովը, հայտնում է Interfax.az-ը:

Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրել են Վրաստանին մասնակցել այդ զորավարժություններին՝ հաջող գնահատելով եռակողմ գործակցության ձևաչափը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հերթին հայտարարել է, որ Վրաստանն առաջիկայում կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին:

Հասանովը նաև հավելել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես սատարում են Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում և սատարում են «միմյանց տարածքային ամբողջականությանը»: