«Ծիրանի» ռեստորանում բազմաթիվ մարդկանց թունավորման պատճառը պարզելու համար Սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմինը չի հասցրել նմուշառում անել։

Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը տեղեկացրել է, որ թունավորման մասին տեղեկատվությունն իրենց հասել է երեք օր անց՝ հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 8-ին, թունավորման մասին տեղեկատվությունը՝ հունիսի 11-ին։

«Սակայն տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Ծիրանի» համալիրում կանցկացվեն պետական վերահսկողության միջոցառումներ»,- ասել է Անուշ Հարությունյանը։ Գրում է Panorama.am-ն։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին՝ հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար:

Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում:

«Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշում են նախարարությունից։