«Պատերազմներն անակնկալ են լինում, բայց առաջիկայում նման կանխատեսումների հիմք չկա»․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փորձագետների այն կանխատեսումներին, թե հակամարտության գոտում ռազմական սրացումներ են սպասվում, պատերազմի սպառնալիքներ կան, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է․
«Պատերազմները երբեմն անակնկալ են լինում, ինչ-որ առումով, և դա կապ չունի՝ որտեղ է արվում։ Բայց կոնկերտ, գոնե առաջիկայում, նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»։
Խոսնակը նշել է, որ այդ տեղեկատվությունները, սովորաբար, հիմնված են լինում հակառակորդ պետության վարած քաղաքականության, նրանց տարածած ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների վրա․
«Մեր հանրության մեջ, ցավոք, պատերազմներին բնորոշ մի երևույթ կա․ հակառակորդի դրած ապատեղեկատվություններին վերաբերող հարցերում հանրությունը շատ էմոցիոնալ է արձագանքում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ մի օր հայ հասարակությունը կդադարի հավատալ հակառակորդ պետության տարածած ապատեղեկատվություններին։