Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հունիսի 12-ին տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, ինչպես նաև առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։

«Ըստ տրված եզրակացության՝ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30 են, ավելացել է ևս 3 ծանր հիվանդություն։ Չեմ փորձի բարձրաձայնել դրանց մասին։ Նոր հայտնաբերված հիվանդության արդյուքնում լինելու է անդամահատություն՝ անձի առողջութունը հասել է այդ վիճակին», - ասել է նա։

Նա նշել է, որ երբ Մանվել Գրիգորանին ձերբակալեցին և կալանավորեցին, նա ուներ 3-4 ծանր հիվանդություններ և գտնվում էր բժիշկների դինամիկ հսկողության ներքո։

«Անցել է մեկ տարի, և անձը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն», - ասել է Լևոն Բաղդասարյանը՝ չբացառելով, որ պատկան մարմինների պատշաճ արձագանքի բացակայության դեպքում կդիմի ՄԻԵԴ։

Լևոն Բաղդասարյանը հավելել է, որ պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում:

«Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», - ասել է պաշտպանը։

Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ, երբ դիմել էին Մարդու իրավունքնների եվրոպական դատարան, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկեն, և Գրիգորյանը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, ՀՀ կառավարությունը միանգամից արձագանքել էր, տեղափոխությունը՝ կատարվել։

«Բայց չգիտես՝ ինչու, բուժումն իրականացվեց 2-3 ամիս և օրեր առաջ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության վարչության մակարդակով գրություն ուղարկվեց «Նաիրի» բժշկական կենտրոն։ Տեղեկացրեցին, որ Դատապարտյալների հիվանդանոցն ունի բոլոր միջոցները, որպեսզի բուժում իրականացվի։ Այսինքն՝ թքած ունենալով կառավարության գրավոր դիրքորոշման վրա՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին Կենտրոն ՔԿՀ, այնուհետ՝ Դատապարտյալների հիվանդանոց, այնտեղից էլ՝ կոմայի մեջ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց», - հիշեցրել է Լևոն Բարսեղյանը։