Այսօր տեղի է ունեցել Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությունը։ Կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնել է panorama.am-ը։
Բաժանմունքը տեղակայված է կենտրոնի 7-րդ հարկում, զբաղեցնում է 3000 ք/մ ընդհանուր տարածք, հիվանդների կսկսի ընդունել արդեն երկուշաբթի օրվանից։ Նորաբաց բաժանմունքը բաղկացած է 3 թևերից։ Առաջին մասնաշենքում կաշխատի բուժանձնակազմը, երկրորդում տեղակայված է քիմիաթերապիայի բաժանմունքը՝ ստացիոնար հիվանդների համար, երրորդ հարկը նախատեսված է ցերեկային ստացիոնար բուժում ստացող հիվանդների խնամքի համար։ Ընդ որում, ցերեկային ստացիոնար կարող է ընդունել մինչև 60 անձ՝ յուրաքանչյուրը 3-4 ժամ տևողությամբ։

Լրագրողների հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր՝ Արմեն Տանանյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ, մահացության թվի բարձրացում, նաև բացիթողի դեպքերի ավելացում՝ 40-45 տոկոսի չափով։ Նրա տեղեկացմամբ, հանրապետությունում տարեկան իրականացվում է 5-8 հազար քիմիաթերապիայի պրոցեդուրա, որի 80 տոկոսը՝ ՈՒԱԿ-ում։

«Մեզ մոտ օրական քիմիաթերապիայի կուրսեր են ստանում 80-100 հիվանդ։ Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից է մասնավորի և պետականի համագործակցությունը։ Շնորհիվ հայ և իրանցի գործարարների՝ մենք արդեն իսկ ունենք ճառագայթային բուժման ամերիկյան վերջին, նորագույն սարքավորումը՝ «Վարիան կլինակ ա իքս»-ը, որը հանրապետությունում միակն է։

Արմեն Տանանյանը նկատեց, որ եվրոպական երկրներում ճառագայթային բուժման արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից, հարևան Իրանում՝ 8 հազար դոլարից, Վրաստանում՝ համավճարի սկզբունքով 4 հազար դոլարից։ Հայաստանում ճառագայթային բուժումն, ըստ նրա, կկազմի մինչև 3 հազար դոլար։