Այն բանակցությունների փաթեթը, որը գոյություն է ունեցել, և ես որպես ժառանգություն եմ ստացել, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին` իմանալով, որ նրանք դրանից չունեն:

Այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Արցախյան կողմը նախկինում տեղյակ չի եղել բանակցություններից:

Ինչ վերաբերում է արցախյան կողմի հերքմանը, թե միշտ էլ տեղյակ են եղել, վարչապետն ասել է.

«Հիմա ասում են, թե տեղյակ են պահել, չեն պահել.. տեղյակ պահելու տարբեր ձևեր կան: Հանրությունն էլ է տեղյակ եղել, այդ հանդիպումները թաքուն չի եղել, բոլորն իմացել են, որ այդ բանակցությունները կան, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:

Փաշինյանն ընդգծել է, որ իր միտումն այն է եղել, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը տեղի ունենա գաղտնիության պայմաններում:

«Ես կարծում եմ, որ գաղտնիությունը, բառի ընդհանրական իմաստով, տեղին չէ տվյալ դեպքում, որովհետև սա համազգային հարց է և այդ բանակցություններին հնարավորինս շատ մարդ պետք է տեղյակ լինի: Ես շարունակում եմ պնդել, որ իշխանությունները, կառավարությունը կարող են հակամարտության կարգավորման տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային սեղանի շուրջ ձևավորվել է շատ թե քիչ ընդունելի մոդել, բայց այդ մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ընդ որում` ուզենք, թե չուզենք։

Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարող է կիրառվել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի պարզ միամտություն է»,- շեշտել է վարչապետը։

Հարցին, որ եթե Ադրբեջանը հայտարարի, թե համաձայն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցի նաև արցախյան ադրբեջանական համայնքը, վարչապետը նշել է.

«Ես ի սկզբանե ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից և չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի նախագահը չեմ: Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի նրա կողմից ընտրված ներկայացուցիչը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանում ընդունված է ասել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», սակայն այդ համայնքի ներկայացուցիչները բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական, նախագահական ընտրություններին:

«Հետևաբար նրանք արդեն ներկա են բանակցային սեղանի շուրջ, որովհետև նրանք մասնակցելով ընտրություններին՝ ընտրել են Ադրբեջանի նախագահին որպես իրենց ներկայացուցիչ բանակցային գործընթացում: Նկատի ունեմ հենց այսօր Ղարաբաղի, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել, «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները ներկա են բանակցային գործընթացին` ի դեմս իրենց ներկայացուցիչ Իլհամ Ալիևի»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա նաև հարցին մոտեցել է հակառակ կողմից.

«Եթե ադրբեջանական կողմից մասնակցում է թե նախագահը, թե այդ համայնքի ներկայացուցիչը, այստեղ լեգիտիմության հարց է ծագում: Կստացվի, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Այստեղից հարց է ծագում՝ արդյո՞ք միայն այդ համայնքի ներկայացուցիչներին է, որ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնել, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ լիազորություն չունի ներկայացնելու, կամ կիրովաբադի, կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»:

Վարչապետը շեշտել է, որ հայկական կողմերի համար տարբերություն չկա, թե ինչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններին: Ըստ նրա, այդ կազմն առաջ կբերի հարցեր:

«Մեր պարագայում այդպիսի հարցեր առաջ չեն գա, քանի որ կա Հայաստանի պատվիրակություն, որն ունի իր ներկայացուցիչը և կա Ղարաբաղի պատվիրակություն` իր ներկայացուցչով: Արցախի ներկայացուցիչն է միայն իրավասու ներկայացնել Արցախի բոլոր քաղաքացիներին, եթե Ադրբեջանի նախագահն իրավասու չէ ներկայացնել իր երկրի բոլոր քաղաքացիներին և դրա համար այդ քաղաքացիների խմբերը պետք է գան բանակցություների, թող գան, բայց այդ դեպքում հարցեր կծագեն, իսկ գուցե թալիշների, լեզգիների, քրդերի պատվիրակությունը պետք է գա առանձին, Բաքվինը՝ առանձին և այսպես շարունակ»,- շեշտել է նա: