Այսօր՝ հունիսի 17-ը, հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այդ օրը մեծ շուքով նշվելու է նաև բանաստեղծի ծննդյան 95-ամյակը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, միջոցառումը տեղի կունենա ժամը 12:00-ին, Պարույր Սևակի տուն-թանգարանում: Ելույթ կունենան «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան), «Պոեզիայի թատրոն» թատերախումբը, Գ. Գինոսյանի «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Տեղի կունենա նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիայի սաները, որոնք օրվա ընթացքում Պարույր Սևակի տան այգում նկարակալների վրա դրված կտավներին կվերարտադրեն այգու բնապատկերը:

Հյուրերի թվում կլինեն պաշտոնատար անձինք, ուսանողներ, դպրոցականներ, համայնքի բնակիչներ և մի խումբ մտավորականներ՝ գրականագետներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ:

Պ. Սևակը ծնվել է 1924թ-ի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940թ-ին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։

1955թ-ին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1958թ. Սևակն ավարտում է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվում է Երևանում 1959թ-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան: 1963թ. տպագրվում է Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն:
Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969թ-ին, բայց... հրապարակ հանվում 1971թ-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1970թ-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963թ-ից մինչև 1971թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966թ-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի, Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

Պարույր Սևակը մահացել է 1971թ-ի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։