Սահմանամերձ Բաղանիսում 2018 թ.-ին նոր մանկապարտեզ կկառուցվի: Panorama.am-ի լրագրողը Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի հետ հարցազրույց է ունեցել, որի ժամանակ գյուղապետը ներկայացրել է մանրամասները։

«Բաղանիսում մանկապարտեզ եղել է, սակայն խորհրդային միության փլուզումից հետո դադարել է գործել, իսկ շենքը ադրբեջանական հենակետերի գնդակոծության տակ է հայտնվել և դարձել ոչ պիտանի:

2013 թ. հունիսի 1-ից գյուղապետարանի շենքում մեկ սենյակ հարմարեցրել ենք մանկապարտեզի պարապմունքները կազմակերպելու համար, գյուղապետարանի շենքում առ այսօր, արդեն չորրորդ տարին է՝ գործում է մանկապարտեզ, համայնքի միջոցներով պահում ենք երկու աշխատող: Տարբեր դոնոր կազմակերպությունների միջոցով ձեռք ենք բերել գույք, սնունդ, և այլն, բոլոր անհրաժեշտ պայմանները կան»,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ նախատեսված է այս տարի մանկապարտեզի նոր մասնաշենք կառուցել՝ ապաստարանով, 110 քմ ընդհանուր մակերեսով: Պլանավորված է շենքի կառուցումն ավարտել մինչև տարեվերջ։

«Մեզ ուրախացնում է նաև այն փաստը, որ այս պահին 18 սան ունենք, իսկ մյուս տարի կունենանք արդեն 23 սան»,- ասաց նա: