«Հայաստան» համահայկական հիմնադրամն ինչ որ առումով պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա համազգային բյուջե: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է՝ «պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին»:

Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:

...Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային: Ի՞նչ է նկատի առնվում. նկատի է առնվում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաև շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ և դա այդպես է իրականում: Հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա:Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները»:

Վարչապետը հավելել է, որ փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ հայերը որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխեն վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ:

«Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում: Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը», - ասել է նա:

Փաշինյանը նշել է նաև, որ 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց պետք է հաշվի առնել, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է:

«Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար»,- ասել է նա: