Հայկական ֆուտբոլը պետք է կամաց-կամաց առաջ գնա՝ վերջին հաղթանակները վստահություն են ներշնչում: Այդ մասին հայտարարել է իսպանացի աշխարհահռչակ ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, որը Հայաստանում է և դասախոսություն է կարդալու հայաստանցի մարզիչների համար:

Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած, «Ռեալ Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում հաղթած մասնագետը շնորհավորել է Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիային և հավաքականին վերջին 2 հաղթանակների կապակցությամբ, «ինչը վստահաբար շանս է», հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Կարծում եմ՝ սա շատ լավ պահ է հայկական ֆուտբոլի համար...Երիտասարդները պետք է համբերություն ունենան զարգանալու համար: Այս վերջին հաղթանակներն էլ վստահություն են ներշնչում, սակայն միևնույն ժամանակ դրանցից հետո նրանցից պահանջներն ավելի են մեծանալու»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչը ստիպեց նրան Հայաստան գալ՝ Դել Բոսկեն ասել է.

«Ինչպես գիտեք, ընկեր ունեմ, որի հետ երկար տարիներ աշխատել ենք «Ռեալ Մադրիդում» ու Իսպանիայի հավաքականում: Ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն է: Շատ պատրաստված անձնավորություն է: Սա նրա, ինչպես նաև ՀՀ հավաքականի մարզչի հետ ունեցած հարաբերությունների արդյունք է: Դրա համար ենք այստեղ»:

Դել Բոսկեն նշել է նաև, որ ֆուտբոլն օր-օրի ավելի մեծ պատրաստվածություն է պահանջում մարզիչներից, ֆիզպատրաստության մարզիչներից:

«Բոլոր տեղերում էլ նույն կերպ է, նույնն է պահանջվում. սպորտային լավ ենթակառուցվածքներ, լավ մասնագետներ, և սա կազդի երիտասարդների վրա, ու կաճեն որպես լավ մարզիկներ: Իսպանիայի համար, օրինակ, շատ լավ էր, որ մարզիչները սկսեցին աշխատել արտասահմանում, լավ էր, որ խաղացողները գնացին՝ արտասահմանում խաղալու: Բաներ, որոնք Հայաստանում նույնպես տեղի են ունենում: Սա միշտ լավ է»,- ասել է նա: