Եթե Պետական եկամուտների կոմիտեն շարունակի պնդել, որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացը և պայմանագրերի կնքումը եղել է Կառավարության գաղտնի որոշմամբ, ապա պետք է դատարան ներկայացնի Կառավարության այդ որոշումը՝ հիմնավորելով իր այդ պատճառաբանումը: Այսօրվա դատական նիստին հայտարարել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը:

Դատավորն առաջարկել է փակել Կառավարության այդ որոշման գաղտնի համարվող տեղեկատվությունը, բաց թողնել միայն այն հատվածը, որում նշված է, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերման և մրցույթի անցկացման գործընթացը պետք է կազմակերպվի գաղտնի ընթացակարգով, և դրա մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարկման:

Այսօր Վարչական դատարանում կայացել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ըննդեմ Պետական եկամուտների կոմիտեի գործով երկրորդ նիստը: Դատավորի որոշմամբ՝ գործը մտավ դատաքննության փուլ: Նշենք, որ այս գործով երրորդ կողմ է հանդիսանում Կառավարությունը:

Նիստին դատավորն անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առարկություններին:

Հայտնել է, որ նախորդ դատական նիստին ՊԵԿ ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանի ներկայացրած դիրքորոշումում և երեկ կոմիտեից ստացված առարկություններում կան հակասություններ: Պարզաբանել է, որ նախորդ նիստին Եղիազարյանը չէր բացառել վեճի արտադատական կարգով լուծման հնարավորությունը՝ նկատի ունենալով նաև ՊԵԿ-ի այն հայտարարությունը, որ Կառավարության այդ որոշումների գաղտազերծման գործընթաց է սկսվել: Նշենք, որ երեկ ՊԵԿ-ը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումի վերաբերյալ առարկություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով մերժել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերին վերաբերող տեղեկատվություն ստանալու հայցադիմումը:

Դատավորը ՊԵԿ-ի ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանից հետաքրքվել է՝ արդյոք կա հստակ դիրքորոշում՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրված է տեղեկատվությունը տրամադրել, հրապարակային դարձնել, թե առարկում է «Հետք»-ի հայցի դեմ՝ պնդելով, որ հայցվող տեղեկատվությունը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք:

Գոհար Եղիազարյանը դատավորին պարզաբանեց, որ դիրքորոշումների հակասություններ չկան, քանի որ այդ տեղեկատվության տրամադրումը կարող է իրականացվել միայն դրա գաղտնազերծումից հետո: Դատավորը հետաքրքվեց, թե երբ են այդ որոշումները գաղտազերծելու, Եղիազարյանը պարզաբանել է՝ գործընթացը սկսվել է, կարող է տևել 15 օր կամ մեկ ամիս՝ ամեն ինչ կախված է գաղտնազերծման համար պահանջվող ժամանակից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար: Գրում է «Հետք»-ը։

ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։

Դատարան դիմելուց մեկ օր անց՝ ապրիլի 16-ին, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր ուղարկել խմբագրություն, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը, դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Կոմիտեն նաև հավելել էր, որ ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը և խոստացել դրանք գաղտնազերծել, քանի որ Կառավարության որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, և դրանց գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար:

Հենց այս հիմնավորումների շրջանակներում երեկ Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով մերժել հայցադիմումը: Վերջինս դատարանին հայտնել է, որ վերոնշյալ պարզաբանման առկայության պայմաններում, առարկայազուրկ է դառնում լրատվամիջոցի դատարան ներկայացրած պահանջը, քանի որ արդեն իսկ ՊԵԿ-ը ձեռնարկում է օրենքով նախատեսված միջոցառումներ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: