Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) շուրջ 47 կմ երկարությամբ 8 ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները։ Հայտարարված են ևս 4 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքներն իրար կապող ավելի քան 6 կմ ճանապարհահատվածում մեկ ամիս է՝ շինարարները գործունեություն են ծավալում։ Այստեղ արդեն իսկ սկսվել են մայթերի կառուցումը, ջրահեռացման համակարգերի վերականգնումը։

Սարդարապատ համայնքի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը նշում է, որ հիմնանորոգվող ճանապարհի միջոցով են գյուղացիները գնում դեպի իրենց հողատարածքներ, եւ ճանապարհի բարեկարգումը կհեշտացնի իրենց գործը։

«Մի ամիս է, ինչ շինարարները եկել են մեր համայնք, ու շատ լավ աշխատում են՝ և՛ արագ, և՛ որակով»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը։

Այս հատվածում աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 10 ամսվա ընթացքում, սակայն պլանավորվում է ճանապարհը վերականգնել մինչև ընթացիկ տարվա վերջ։

2019թ-ի ընթացքում ծրագրված է հանրապետությունում հիմնանորոգել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը հեշտացնում է շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Բարեկարգ կենսական նշանակության ճանապարհները գյուղացիական տնտեսություններին և փոքր բիզնեսներին հնարավորություն են տալիս ավելի հեշտությամբ և քիչ ծախսով իրենց մթերքը շուկա հասցնել՝ ըստ այդմ դառնալով տնտեսական աճի և տեղական զբաղվածության խթան։