ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած նախագծին կողմ է քվեարկել 114 պատգամավոր:

Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը: