Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում վարժանքներ են անցկացվել, որոնց շրջանակում մշակվել են պաշտպանական միջոցներ` Մեծամորի ԱԷԿ-ում հավանական վթարի հետևանքները վերացնելու համար։

Armeniansputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Մեծամորի ԱԷԿ-ը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։

Պարբերականը գրում է, որ վարժանքների շրջանակում գործողություններ են մշակվել թուրքական 8 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավանական քիմիական, կենսաբանական և ռադիացիոն վտանգից պաշտպանելու համար։

Սցենարի համաձայն` Մեծամորի ԱԷԿ-ում տեղի ունեցած «վթարից» հետո Ալիջան և Իգդիր գյուղերի բնակիչները տարհանվել են վրանային ճամբար, որը տեղակայված է Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածքում։ Տարհանմանը ներգրավվել են շտապօգնության բրիգադները, Ազգային բժշկական փրկարար թիմը (UMKE) և ժանդարմերիան։ Տուժածներին զննել են բժիշկները և ախտորոշիչ, բուժիչ ու կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։

Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային հարթակներում մշտապես հայտարարում են, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգավոր է, և պահանջում են փակել այն։

Սակայն մասնագետները (այդ թվում` օտարերկրյա) միաձայն պնդում են, որ ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության ժամանակակից չափանիշներին։ Բացի այդ, դեռ 2016թ-ին Ռուսաստանի օգնությամբ աշխատանքներ են իրականացվում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար։