Արցախը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականներիսոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում, քանի որ միջազգային կառույցները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում: Այդ մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից:

Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է ադրբեջանահայության հայրենազրկման պատճառներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հանգեցրել են մոտ 500,000 հայերի հայրենազրկման և բազմաթիվ իրավունքների շարունակական խախտման: Նա կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը և հակամարտության կարգավորման գործում նրանց ակտիվ մասնակցությունը:

Բեգլարյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության ներքո է պահում փախստական անձանց խնդիրներն ու պետական մարմինների հետ նրանց հարաբերությունները, ինչի արդյունքում ՄԻՊ-ի միջամտությամբ հաջողվում է լուծել որոշ անհատական խնդիրներ: