ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում ընդունվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար 50 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ միջազգային փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին:

«Մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը: Դրան մասնակցելու է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում: Բավականին պատշաճ մակարդակով արդեն հիմա կազմակերպչական աշխատանքները տարվում են: Մեր երաժշտասեր քաղաքացիները անպայման մասնակցություն կունենան», - ասել է նախարարը: