Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ մեկնաբանելով դատավոր Արմեն Դանիելյանի այսօրվա գործելաոճը, Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի քննության ավարտից հետո ասել է․

«Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»։

Հիշեցնենք, որ այսօր նիստի ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի հայտարարեց, որ ավարտվում է բողոքի դատական ստուգումն ու դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, մինչդեռ Ռ. Քոչարյանի պաշտպանները հանդես չեն եկել ելույթով մեղադրող և տուժող կողմերի բողոքների վերաբերյալ։

«Մեզ հայտնի չէ գործի քննության կարգը՝ մինչդատական վարույթի կարգով է լինելու, թե դատական քննության։ Ոչ այն փուլում ենք գտնվում, ոչ այն փուլում։ Շատ բարդ իրավական խնդրի առաջ էինք կանգնած։ Ընդամենն ուզում ենք դատարանը մեզ ասի՝ կղեկավարվենք այս հոդվածով։ Դատարանը դա չարեց ողջ պրոցեսի ընթացքում, իր ապօրինի գործողությունների դեմ մեր իրավական քայլերը մեկնաբանեց որպես իրավունքի չարաշահում, որը դեռ իր հերթին չէր նշանակում, որ դատարանը կարող է նման կերպ հեռանալ խորհրդակցական սենյակ։

Եթե դատարանը գտնում էր, որ չարաշահում կա, առավելագույն ծայրահեղ միջոցը կարող էր սանկցիա կիրառեր, իսկ այսպես՝ դատարանը պարզապես մի կողմին լսել է, մյուս կողմին չի լսել։ Ես իրավական գնահատական չեմ կարող տալ դատավորի գործողություններին ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում տալ, այլ ուղղակի չեմ պատկերացնում, թե նման գործողություններն ինչ անվանել»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով, ենթադրվում էր գործընթացի ավարտից հետո հարցնել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, գուցե ելույթ ունենալու ցանկություն արտահայտներ։

Հարցին, արդյո՞ք դատավորի վրա իշխանության կողմից կան ճնշումներ, Հ. Խուդոյանն ասել է.

«Թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ։ Դատավոր Արմեն Դանիելյանը միշտ աչքի է ընկել իր բավականին արտառոց պահվածքով։ Պարտադիր չէ ճնշում լինի, որպեսզի նման գործողություններ կատարի, չեմ բացառում նաև ճնշումը»։

Նրա խոսքով, դատավորն ուղղակի խուսափում է արդարադատության իրականացումից, հնարավորություն չի տալիս պաշտպանական կողմին ներկայացնել իր դիրքորոշումը.

«Ակնհայտ կանխակալ, նախապես որոշված, պլանավորած գործընթաց է իր կողմից, արդեն կանխակալ տրամադրված է որևէ դատական ակտ կայացնելու, որին մենք շուտով ականատես կլինենք»։

Նա չի կարծում, որ այս ամենից հետո հանրության թեկուզ այն հատվածի մոտ, ով հանդես է գալիս պարոն Քոչարյանի շահերի դեմ, այս դատական պրոցեսից որևէ տպավորությունը կունենա, որ այստեղ իրականացվեց արդարադատություն։

««Մարտի 1»-ի գործը հասարակության համար այնքան նուրբ, զգայուն գործ է, որ նման գործողություններով գործն ապականելն անընդունելի եմ համարում»,- ընդգծել է Հ. Խուդոյանը։

Հարցին, նույնիսկ այն դեպքում, եթե դատարանը կայացնի դատական ակտ, որը չբավարարի դատախազությանը, կմնա՞ այդ համոզման, փաստաբանը նշել է.

«Այո, միանշանակ։ Այստեղ արդարադատությունը կոպիտ ձևով ոտնահարվել է, նույնիսկ եթե այդ որոշումը մեր օգտին լինի։ Հանրությունը չի կարող վստահություն ունենալ նման դատավորի, նման գործելակերպով պրոցեսի արդյունքում կայացված դատական ակտի դեմ»։

Դատախազության բողոքը բավարարելու դեպքում, Ռ. Քոչարյանի պաշտպանի խոսքով, հաջորդ քայլը լինելու է բողոքարկելը, անմիջապես գանգատ է գնալու ՄԻԵԴ, որովհետև «սա արտառոց խախտում է, նույնիսկ քաղաքակրթությունից դուրս գտնվող հասարակությունների կտրվածքով»։