Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ ՀՀ վարչապետն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

«Գրեթե մեկ տարի ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը: Ոստիկանության զորքերը ՀՀ արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը ՀՀ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ»,- հայտարարել է Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պետք է լինի միասնական ու միահամուռ:

«Ոստիկանության զորքերը կոչված են ՀՀ ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար ու նրանց ուղարկելով սահմանները պաշտպանելու՝ արտահայտում ենք մեր պատկերացումը ՀՀ ներքին հարաբերությունների մասին: ՀՀ-ում չպետք է տեղ ունենան բռնությամբ հարց լուծելու փորձերն ու քարոզները: Որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը»,- նշել է վարչապետը: