ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է թեկնածուին:

Նա նշել է, որ Պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խումբը պահանջներին համապատասխան առանձնացրել է այն ցանկը, որը, նպատակահարմար կարող է լինել առաջադրելու համար։

«Հաշվի են առնվել նաև չափանիշներն՝ արդյոք տվյալ թեկնածուն հակված է դատաիրավական բարեփոխումներին նպաստելուն։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ առանձնացրել ենք թեկնածուներին, որոնց հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դա է պատճառը, որ նրանք տեղյակ չեն լինում իրականում, որ մենք նկատի ենք ունեցել նրանց թեկնածությունը։ Չափազանց կարևոր է անաչառության սկզբունքը», - ասել է Մակունցը։

Թեկնածու Վիգեն Քոչարյանն իր հերթին ելույթում ասել է, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել ԲԴԽ անդամի պաշտոնում և ստեղծված իրավիճակում՝ բարձր պատասխանատվություն։