ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է ձեռնպահ մնան Վրաստան այցելելուց, քանի դեռ իրավիճակն այնտեղ չի կայունացել:

«Ես ռուսաստանցի զբոսաշրջիկների փոխարեն ձեռնպահ կմնայի Թբիլիսի այցելելուց...Ինչո՞ւ ռիսկի դիմել: Թող վրացական իշխանությունները կարգավորեն իրավիճակը»,- ասել է սենատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ջաբարովի, ցանկալի կլիներ իրավիճակի գնահատական լսել նաև Վրաստանի իշխանությունների կողմից՝ նախագահի և վարչապետի:

Ջաբարովը հավելել է, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, այդ երկրի «ներքին գործն է»:

«Ընդդիմությունը որպես առիթ է օգտագործել Ռուսաստանի գործոնը»,- ասել է նա: