«Շուտով մեկ տարի կլինի, ինչ այս քրեական գործը հարուցված է, բայց չկա Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական ճանապարհ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Բոլորին պարզ է, որ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական հիմք գոյություն չունի։ Գնալով անօրինական ազդեցություններն ավելի քիչ են սկսում ազդել դատական համակարգի վրա, ու ամեն անգամ էլ ավելի ուժեղ, էլ ավելի խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ պահեն կալանքի տակ։ Երբ բացահայտվեց, թե ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում այս գործի շուրջ, այդքան ավելի ուժեղ ազդեցություններ են պահանջվում գործադիր և օրենսդիր իշխանություններից, որպեսզի այս գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ։ Գնալով դատական համակարգը սկսում է զգալ ինչ աստիճանի կեղծիքների, խախտումների վրա է կառուցված այս գործը։ Գնալով գործադիր և օրենսդիր իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին գնալ այդ խախտումներին»,- ասաց փաստաբանը։

Հ. Ալումյանը նշել է, որ խորապես ցավակցում է բոլոր տուժողներին, բայց որևէ մեկին թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար։ Նա ընդգծել է, որ որևէ փաստ գոյություն չունի, որ այդ զոհերը կամ գոնե մեկը տեղի է ունեցել պարոն Քոչարյանի անմիջական պատասխանատվությամբ։

«Բայց եթե ՀՔԾ-ն կամ դատախազությունը կարողանային այդպիսի մի հատ փաստ ստեղծեին, համոզված եմ, որ կստեղծեին։ Դա ցույց է տալիս ողջ քրեական գործի ընթացքը։ Քոչարյանին 10 հոգու սպանություն, 10 հոգուց գոնե մեկի սպանություն չի վերագրվում, այդպիսի փաստ չկա, նույնիսկ այդպիսի փաստ ստեղծելու հնարավորություն չունեն իրենք։

Այն մարդիկ, ովքեր տուժողների վիշտը փորձում են ուղղել մի կոնկրետ ուղղությամբ, ովքեր որ արդեն ապրիորի որոշել են, որ այդ բոլոր սպանվածները սպանվել են հենց կոնկրետ մի կողմից ուղղված կրակոցներով, իրենք առնվազն լավ չեն անում։ Բացի այն, որ օրենք են խախտում, որոշակի բարոյական կանոններ են խախտում։ Դրա մասին պետք է խոսվի»,- ասել է Հ. Ալումյանը։

Պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հնչեցված 2007թ-ից երկու տարվա ընթացքում Ռ. Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին խոշոր գումարների փոխանցման մասին հարցին, փաստաբանը նախ նշեց, որ գլխավոր դատախազը, դատախազությունը իրար հակասող, երբեմն իրար բացառող բաներ է ասել, չի ցանկանում մեկնաբանել գլխավոր դատախազի ասածները։ Նա նշեց, որ խոսքը վերաբերում է հաշվի շարժին, ընդ որում՝ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի. «Եվ կապել դա Սիլվա Համբարձումյանի կաշառքի հաղորդման հետ, ընդհանրապես որևէ հիմք չունի։ Անգամ Սիլվա Համբարձումյանը չի ասել, որ Քոչարյանին կաշառք է տվել։ Բոլոր անձիք, ովքեր, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի կաշառքը իբրև պետք է փոխանցած լինեին Ռոբերտ Քոչարյանին, կտրականապես հերքում են նման բանը։ Այն աստիճանի է այդ վարկածը հերքվում, որ անգամ այն դատարանները, որոնք պատվերը կատարելով, բոլոր օրենքները խախտելով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ էին պահում, ստիպված էին փաստել, որ գոնե կաշառքի մասով հիմնավոր կասկածի շեմը գոյություն չունի»։

Հայկ Ալումյանի խոսքով, հետպանդումների հետևում կանգնողները հասկացել են, որ ՔՕ 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելի է, պետք է որևէ մի մեղադրանք էլ գոյություն ունենա, որպեսզի Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը չկանգնի իրենց առաջ։

«Կաշառքի մեղադրանքը զուտ նրա համար է մտցվել, որպեսզի անձեռնմխելիության խնդրի առաջ չկանգնեն։ Սիլվա Համբարձումյանից որևէ լումա Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիք անդամներին, նրա հետ կապ ունեցող որևէ անձի փոխանցված չի, նման ապացույց գոյություն չունի»,- ասել է Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանը։

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի երեկվա գործողություններին, նա նշել է.

«Աննախադեպ երևույթ է, երբ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս անել միջնորդություններ ողջ դատավարության ընթացքում, իսկ այն փուլում, երբ պաշտպանական կողմի ելույթի հերթն է գալիս, ապա միջնորդություն ներկայացնելու փաստը դիտում են որպես իրավունքի չարաշահում և այդ հիմքով զրկում են պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորությունից։

Հնարավոր չէ ուղղակի ինչ-որ զուգահեռներ անցկացնել։ Հնարավոր չէ իրավաբանական գնահատական տալ այսպիսի արարքին, բժշկական գնահատական՝ միգուցե։ Իրավաբանության մեջ, իրավաբանական պրակտիկայում դեռևս այսպիսի իրավիճակներ ուղղակի նկարագրված չեն։ Հիմա մենք փակուղու առաջ ենք, պարոն Դանիելյանի գործողություններին իրավական գնահատական չենք կարողանում տալ, որովհետև նախադեպը չունեցող է։ Դատավորը պետք է ասեր երկու կողմերին, ինչը կողմերի իրավունք էր, դա պետք է դատավորին, որպեսզի կայացնի օրինական դատական ակտ։ Տեսնում ենք, որ դատարանն այդպիսի ցանկություն չունի»։

Հ. Ալումյանն ասել է, որ միջնորդելու է, որպեսզի դատաքննությունը վերսկսվի ու իրենց դիրքորոշումները լսեն։