Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենք կկառուցվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի 2018 թվականի բյուջեի նախագծով բնակարանային շինարարություն բաժնում հատկացվող 470 մլն դրամից՝ 450 մլն դրամը նախատեսված է բազմաբնակարան շենքի կառուցման համար: «Այն կկառուցվի նախկին վթարային շենքի փոխարեն և կհատկացվի վթարային շենքի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով», - տեղեկացրին քաղաքապետարանից:

2017 թ. Երևանի քաղաքային իշխանությունները հետևողականորեն շարունակել են կոմունալ տնտեսության բարեփոխմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես՝ բնակելի ֆոնդի շենքային պայմանների բարելավումը, Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի հիմնանորոգումն ու արդիականացումը։

2017 թվականին համատիրությունների հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են Երևանի բազմաբնակարան շենքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվել է 1103 շենքերի շուրջ 95 000 քմ մակերեսով հարթ տանիք: Մասնակի նորոգվել է 1223 շենքերի շուրջ 45 000 քմ մակերեսով թեք տանիք: Բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների փլուզումները կանխելու նպատակով նորոգվել եւ ամրացվել է 69 շենքի 166 վթարային պատշգամբ: