Հունիսի 25-ին «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը. նշվում է, որ ՀՀ այցելող զբոսաշրջիկները դառնում են գրպանահատության զոհ:

Ասոցիացիան իրավիճակը գնահատել է որպես «կազմակերպված հանցավորություն»։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կազմակերպված հանցավորությունը նեղ իրավաբանական հասկացություն է, ինչը «որևէ աղերս չունի նամակում բարձրաձայնված խնդրի հետ»։

«Զբոսաշրջությամբ զբաղվողները, գոնե, պետք է տեղեկացված լինեին, որ աշխարհի բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների հետ միջադեպեր պատահում են։ Ավաղ, մեր երկրում նույնպես նման դեպքեր արձանագրվում են, սակայն այլ երկրների հետ համեմատած՝ դրանց թիվը շատ չէ։ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և գրպանահատության դեմ պայքարող հատուկ մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ակնհայտ իրականացնում են ամենօրյա աշխատանք՝ գրպանահատության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի լավագույն վկայությունը ամեն օր բացահայտվող գրպանահատության դեպքերն են», - ասվում է։

Ոստիկանությունից չեն հերքում, որ «պատահում են դեպքեր, երբ գրպանահատությունից տուժում են նաև զբոսաշրջիկները, սակայն դրանք կարճ ժամանակում բացահայտվում են»։

«Ասվածի ապացույցը վերջերս զբոսաշրջիկի նկատմամբ կատարված ծանր հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքի օպերատիվ բացահայտումն էր։ Զբոսաշրջիկը գոհունակությամբ լքեց մեր երկիրը՝ վստահ, որ այստեղ ոստիկանն իր տեղում է։ Նման օրինակները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել։ ՀՀ ոստիկանությունը գնահատում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» մտահոգությունը, սակայն այն չի կիսում»,- ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ: