Վերաքննիչ քաղաքացիական դատարանի արդեն նախկին նախագահ Անատոլի Մաթևոսյանն ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործով դատական քննությունը թևակոխել է վերաքննիչ փուլ: Նախարարությունը դժգոհ է դատարանի կայացրած վճռից, որով բավարարվել է նախկին դատավորի հայցադիմումն ամբողջությամբ:

Անատոլի Մաթևոսյանը դեռևս 2018թ. օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: Դատավորը պահանջում էր կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 2018թ-ի ապրիլի 16-ից: Հիմքը նշել է, որպես դատարանի նախագահ պաշտորնավարման վերջին` 2018թ-ի ապրիլ ամսվա աշխատավարձի դրույքաչափը, որը ներառում է պաշտոնային դրույքաչափ և հավելավճար նախագահության համար:

Ըստ հայցադիմումի՝ Անատոլի Մաթևոսյանը 2009թ. ապրիլի 08-ից մինչև 2018թ. ապրիլի 16-ը զբաղեցրել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի 11.06.2018թ. տեղեկանքի համաձայն` Անատոլի Մաթևոսյանի ամսական եկամուտը 2017թ. մայիս ամսից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ կազմել է 1 մլն 439 հազար 151 դրամ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում. պաշտոնային դրույքաչափ` 760 հազար 610 դրամ, հավելավճար նախագահության համար` 154 հազար 214 դրամ, ինչպես նաև ընդհանուր հավելավճար ստաժի համար` 524 հազար 327 դրամ:

Անատոլի Մաթևոսյանի լիազորությունները համարվել են դադարած 16.04.2018թ.` պաշտոնավարման 65 տարին լրանալու հիմքով: Նախկին դատավորը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենսաթոշակ նշանակելու և վճարելու խնդրանքով, որի արդյունքում նշանակվել է կենսաթոշակ` 567 հազար 506 դրամ:

Այնուհետև դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` խնդրելով կատարել կենսաթոշակի մասով վերահաշվարկ: Ստացել է մերժում, որ կենսաթոշակի չափը ենթակա չէ վերահաշվարկման, քանի որ հաշվարկված է օրենքով նախատեսված կարգով:

Դատավորը դիմելով վարչական դատարան, պահանջել է վերահաշվարկի արդյունքում նշանակել կենսաթոշակ ամսական 712 հազար 379 դրամի չափով: Անատոլի Մաթևոսյանի շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Հարություն Հարությունյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առարկել է հայցի դեմ, նշելով, որ հայցն ամբողջությամբ անհիմն է և առկա չէ որևէ իրավական հիմք նախկին դատավորի նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար: Գրեթե նույն պատճառաբանությամբ հայցի դեմ առարկել է նաև գործով երրորդ անձ ներգրավված ֆինանսների նախարարությունը:

Սակայն, վարչական դատարանը փաստել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայությանպաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված աշխատավարձը հաշվարկային հիմք ընդունելու դեպքում, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի /«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի/ 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ կենսաթոշակի չափի հաշվարկման բանաձևով կենսաթոշակի չափը հաշվարկելիս, այսինքն՝ որպես դատավոր պաշտոնավարման վերջին ամսվա աշխատավարձը՝ 1,439,151 X 0.9 գործակիցը X 55%-ը, Անատոլի Մաթևոսյանի կենսաթոշակի չափը կկազմի 712.379 ՀՀ դրամ, որը չի գերազանցում նույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանված` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափի՝ 760,610 դրամի 92%ը:

Դատարանը պարտավորեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` հիմք ընդունելով Անատոլի Մաթևոսյանի` որպես դատարանի նախագահ պաշտոնավարման վերջին` 2018թ-ի ապրիլ ամսվա աշխատավարձի դրույքաչափը (պաշտոնային դրույքաչափ և հավելավճար նախագահության համար)` կենսաթոշակի վերահաշվարկ կատարել` սկսած 2018թ. ապրիլի 16-ից: