Տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ստարտափները ներդրումներ ստանալու և միջազգային շուկա դուրս գալու լավագույն հնարավորությունն են ստանում: Այսօր հրավիրված ասուլիսին ազդարարվեց գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (Science and Technology Angels Network STAN) գործունեության մեկնարկի մասին, որը ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի /FAST/ նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է tert.am-ը։

Ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանը բացատրեց, որ նպատակ ունեն խթանել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան ստրատափներում համատեղ ներդրումները, ներկայացնել միջազգային լավագույն փորձը՝ ցանցի «բիզնես հրեշտակների» օգնությամբ: «Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ և ձեռնարկատերեր Հայաստանից և արտերկրից, որոնք ոչ թե սովորական հրեշտակներ են, այլ բիզնես հրեշտակներ և ֆինանսական միջոցներ հատկացնելուց զատ, նաև կցուցաբերեն խորհրդատվական օժանդակություն, կուղղորդեն անհրաժեշտ կապերի հաստատման հարցում»,-ասաց նա:

Ցանցի համանախագահ Իգոր Խալաթյանը շեշտեց, որ իրենք ցանկանում են ստեղծել մթնոլորտ, որպեսզի լավ գաղափար ունեցող ձեռներեցը կարողանա գալ և գտնել ֆինանսավորում իր գաղափարի համար: «Նա կստանա ոչ միայն ֆինանս, այլ բազմաբնույթ խորհրդատվություն 18 անձանց կողմից, ովքեր հարուստ փորձ ունեն իրենց ոլորտներում»,-ասաց նա:

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ կրթաթոշակների ծրագիրը մեկնարկեց, հիմա ազդարարում են «հրեշտակների» ոչ ֆորմալ ցանցի մասին: «Հպարտ ենք, որ օժանդակում ենք այս ծրագրի կյանքի կոչմանը: Հիմնադրամը 18 հրեշտակներ ունի, և բառից բուն իմաստով նրանք աշխարհի տարբեր երկրները ներկայացնող պրոֆեսիոնալներ են: Այն բիզնես-նախաձեռնությունները, որոնք վաղ փուլում են և լուրջ մարտահրավերներ առաջ են՝ աջակցություն կստանան հաղթանակող անձանցից»,-ասաց նա:

Նշենք, որ ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը ցանցի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, հինգերորդ տարուց սկսած՝ 20 000 դոլար: